Տուր 8

Ջերմուկ - Ուխտասար – Զորաց քարեր – Տաթևի վանք

Հեռավորությունը՝ 130 կմ
Տուրի արժեքը՝ 40000 դրամ

Ուխտասար
Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիան քաղաքից մոտ 25 կմ հյուսիս, Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական մասում, Սև և Ալ լճերի միջև ընկած տարածքում, ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա: Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է և հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին: Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներով: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Պատկերում են մարդկանց՝ հիմնականում որսի, աշախտանքի, կրոնական ծեսերի պահերին, վայրի և ընտանի կենդանիներ, երկնային լուսատուներ, տիեզերական այլ մտահաղացումներ, քիչ չեն նաև անբացատրելի գծանկարներն ու ուրվագծերը: Ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով և հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները: Ուխտասարի ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից է: Անցյալ 4-5 տարիների ընթացքում այս դժվարհասանելի վայր են այցելել բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց հիացրել է ոչ միայն ժայռապատկերների արխաիկությունը, այլ նաև գեղատեսիլ շրջակայքը, սառնորակ վճիտ լճակները:

Զորաց Քարեր (Քարահունջ)
Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ: Ապացուցված է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում: Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է Սթոնհենջը (մ.թ.ա. II հազ.):

Տաթևի վանք
Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): Տաթևի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ: Շինարարությունն ավարտվել է 906թ.։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է՝ արևելքում աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից քիչ բան է պահպանվել: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին՝ ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ: