Ճանապարհորդություն Հայաստան
Հայաստանը ոչ միայն իր տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի հնագույն պետություններից է: Այս երկրի այժմյան տարածքը պատմական Հայաստանի ընդամենը մի փոքր մասն է, որտեղ դուք կարող եք տեսնել շատ հետաքրքիր, անսովոր ու զարմանալի առարկաներ ու երևույթներ, իմանալ քչերին հայտնի ու հետաքրքիր շատ բաներ:
Այս փոքրիկ հողակտորի վրա ճանապարհորդելով՝ դուք կհանդիպեք հնադարյան պատմամշակութային հուշարձանների, միջնադարյան ճարտարապետական ու շինարարական գլուխգործոցների, ինչու չէ, կծանոթանաք նաև նորագույն ժամանակների արվեստի գործերին:
Հայաստանում ճանապարհորդելով՝ դուք կծանոթանաք նաև հայ ժողովրդի տաղանդին: Հայերն աշխարհին տվել են արվեստի հիանալի գործեր՝ գրականության, երաժշտության, գիտության, գեղարվեստի ու կիրառական արվեստների ոլորտներում:
Հայաստան այցելելով՝ դուք կարող եք համադրել հաճելին և օգտակարը՝ հանգստանալ ու կազդուրվել: Ձեզ հանգիստ կառաջարկվի թե՛ քաղաքային պայմաններում, թե՛ գյուղական վայրերում: Առողջությունն ամրապնդել կարող եք Ջերմուկի, Արզնիի, Գորիսի, Հանքավանի առողջարաններում, որտեղ կան հանքային ջրի աղբյուրներ ու ջրաբուժարաններ:
Ակտիվ հանգիստ սիրողների համար նույնպես մեծ ընտրություն կա. լեռնագնացություն, ձիարշավ, իսկ ձմռանը կարելի է գնալ Ծաղկաձոր և զբաղվել լեռնադահուկային սպորտով:
Հայաստան կատարած այցի ընթացքում դուք հաճելիորեն կզարմանաք բնական լանդշաֆտի բազմազանությունից: Ձեր առջև կբացվեն զմայլելի բնանկարներ. գեղատեսիլ հարթավայրերին կփոխարինեն բարձր լեռները, կհանդիպեք ալպիական ու տափաստանային մարգագետինների, սաղարթախիտ անտառների: Եվ պատահական չէ, որ այս ամենի շնորհիվ օրեցօր ավելանում է Հայաստան այցելել ցանկացողների թիվը:
Հայաստանում դուք կհամտեսեք ազգային խոհանոցի համեղ ու յուրահատուկ կերակուրներ: Ընդ որում, Հայաստանի յուրաքանչյուր շրջանում ձեզ կմատուցեն այդ կերակրատեսակների սեփական տարբերակը: Կերակուրներին զուգահեռ՝ կարող եք վայելել հայկական գինի ու կոնյակ: Համտեսե՛ք հայկական արևահամ բանջարեղենները, մրգերն ու չրերը, ավանդական քաղցրավենիքները: Հյուրընկալ տանտերերն այս ամենը կառաջարկեն Ձեզ սրտաբաց ու ավանդական հյուրասիրությամբ:
Մի խոսքով, Հայաստանի մասին կարելի է շատ պատմել, բայց այդ ամենն արժե տեսնել: