Ջերմուկի տեսարժան վայրերից ամենահայտնիներն են Արփա-Սևան թունելն ու Կեչուտի ջրամբարը՝ «Մարգարտածաղիկ» գեղեցիկ անվամբ: Քաղաքը հարուստ է նաև հուշարձաններով ու հիշատակի քարերով, որոնցից են հայ կամավորների արձանախումբն ու պուրակը, Վիլյամ Սարոյանի հիշատակի «Արև» քարը:
Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերը թվարկելիս, իհարկե, չպետք է մոռանալ ճոպանուղին, որն ունի 1000մ երկարություն, իսկ ամենաբարձր կետը գտնվում է 2480մ-ի վրա: Հենց այս բարձունքից էլ կարելի է զմայլվել ջերմուկյան գեղեցիկ համայնապատկերով:
Միջազգային ստանդարտներին համապատասխանող ճոպանուղին լեռնադահուկորդներին հնարավորություն է տալիս օգտվել հիանալի, պրոֆեսիոնալ սահուղիներից: Ճոպանուղու վերջին կանգառում կառուցվել է հատուկ խաղահրապարակ` սահնակներով սահողների համար:
Ջերմուկ քաղաքում կան թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, գրադարաններ, զբոսայգի և ակումբներ: Վայոց Ձորի մարզում, Ջերմուկի շրջակայքում են գտնվում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում` սուրբ Աստվածածին (Արենի) և Սբ. Խաչ եկեղեցիները, Գնդեվանքի,Նորավանքի, Ցախաց քարի, Սպիտակավորի վանքերը:
«Վերոնա» հանգստյան տունն առաջարկում է էքսկուրսիաներ դեպի Ջերմուկի և Սյունիքի տեսարժան վայրեր: