Հեռավորությունը՝ 120 կմ
Տուրի արժեքը՝ 27000 դրամ
Զորաց Քարեր (Քարահունջ)
Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքի մոտակայքում է գտնվում աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկը` Զորաց Քարերը (Քարահունջ): Դեռ հեռվից նկատելի են հարթավայրում տեղադրված կարմրավուն հսկայական մոնոլիտների շարքերը, որոնք ձգվում են հարավից հյուսիս, իսկ այդ շարքերով սահմանափակված տարածքի ներսում կազմում են ճշգրիտ շրջանագիծ: Ապացուցված է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Կոթողներից շատերում արված են անցքեր, որոնք ճշգրտորեն համապատասխանում են երկնքում աստղերի դասավորվածությանը այդ դարաշրջանում: Գիտնականները նմանատիպ կառույցներ հայտնաբերել են նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է Սթոնհենջը (մ.թ.ա. II հազ.):
Սատանի կամուրջ
Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800մ) հատվածում: Այդ հատվածում կիրճն այնքան նեղ է, որ անգամ արևի ճառագայթները չեն կարողանում թափանցել նրա հատակը: Կիրճի ամենախոր մասում գտնվում է բնության գեղատեսիլ ու արտասովոր հրաշքը՝ Սատանի կամուրջը, որի երկարությունը 30 մետր է, լայնությունը՝ 50-60մ: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը: Լեռնաղբյուրների ու ժայռերի ճեղքերից թափվող հանքային ջրերը Որոտանի ձորի պատերը ներկել են վարդագույն, դեղին և կանաչ: Այդ հրաշք կառույցը տրավերտինե բնական կամուրջ է: Դարեր շարունակ կրաքարային նստվածքները կուտակվելով տարածվել են գետի մի ափից մյուսը՝ կազմելով հզոր քարե կամար: Կամրջի եզրերից կախված են յուրահատուկ շթաքարեր (ստալակտիտներ), իսկ ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժները: Որոշ տեղերում տաք հանքային ջրերից գոյացել են ջրավազաններ, որտեղ կարելի է բուժիչ լոգանքներ ընդունել, իսկ կամրջի տակ գտնվող տարածքը նման է ստալակտիտների հսկայական քարանձավի:
Տաթևի վանք
Տաթևի վանքը (Ս.Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ` Սյունիքի մարզի Տաթև գյուղում): Տաթևի պարսպապատ վանական համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը և այլն։ Համալիրի պահպանված հնագույն կառույցը Պողոս-Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895թ.-ին Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի ու Ձագիկի նյութական օժանդակությամբ: Շինարարությունն ավարտվել է 906թ.։ Տաճարը ճարտարապետական հորինվածքով արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճ է, արևելքում՝ աբսիդով և նրան հարող զույգ ավանդատներով։ Արևելյան ճակատը մասնատված է խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշանի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ՝ խորշերի պսակների մեջ, վիշապ օձերի, ավանդական պահպանիչ էակների քանդակներ են։ Տաճարի պատերը 930թ.-ին ծածկվել են հարուստ որմնանկարներով, որոնցից այժմ քիչ բան է պահպանվել: Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արևմտյան պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնացորդները, իսկ հյուսիսային պատին՝ ծննդյան սյուժեի հետ առնչվող տեսարաններ։