Տուր 7

Ջերմուկ - Սբ.Տրդատ եկեղեցի (Վայք ) - Սբ.Աննա եկեղեցի (Մալիշկա) - Արկազի Սբ.Խաչ վանք – Գլաձոր

Հեռավորությունը՝ 53 կմ
Տուրի արժեքը՝ 23000 դրամ

Սուրբ Տրդատ
Հայաստանը գեղատեսիլ հայկական բարձրավանդակի լեռնային շրջանում գտնվող վայր է՝ հայտնի Արարատ լեռան մոտ: Հիասքանչ պատկերներ՝ երփներանգ դաշտային ծաղիկներով, ձյունածածկ լեռներ և ավելի քան 40 հազար հնագույն տաճարներ ու հուշարձաններ: Հայերը բոլոր ժամանակներում կառուցել են տաճարներ: Վերջին տասնամյակների ընթացքում կառուցված տաճարներից է Մալիշկա գյուղի մոտի նորակառույց Սբ.Տրդատ եկեղեցին (1999թ.):

Մալիշկան Վայոց Ձորի մարզի գյուղերից է, գտնվում է Արփա գետի աջ ափին, Եղեգնաձոր և Վայք քաղաքների միջև ընկած հատվածում, Երևան–Գորիս մայրուղու վրա: Գյուղի ծայրամասում 2000թ. կառուցվեց սուրբ Աննա եկեղեցին, դրա կողքին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության թանգարանը: Թանգարանի բացման արարողությանը ներկա է եղել Լյուդմիլա Պուտինան, որից հետո շրջել է ցուցահանդեսու և Բելա Քոչարյանի հետ մոմեր վառել Սուրբ Աննայի եկեղեցում:

Արկազի Ս.Խաչ վանք
Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է VIII դարից: Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871թթ.: Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Ավանդության համաձայն՝ երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու, այնուհետև բաց թողնել և հետևել նրան. կենդանին որտեղ կանգ առնի և քնի, այնտեղ էլ պետք է կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղում, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:

Գլաձորի համալսարանը հայկական միջնադարյան նշանավոր համալսարաններից է: Այն հիմնադրվել է 1291թ. Ներսես Մշեցու կողմից, ներկայիս Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղում և գործել է մինչև 1340թ.: Գլաձորի համալսարանն ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում: Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական ուղղվածության համալսարանի: Դասավանդվում էր աստվածաբանություն, իմաստասիրություն, ճարտասանական արվեստ, թվաբանություն, աստղաբաշխություն և այլն: Ուսումնառության տևողությունը 7-8 տարի էր: Համալսարանում գործում էր քննական, գիտական կոչումների համակարգ, գիտաժողովների սրահ: Միջնադարի այս նշանավոր կրոնական, գիտական և կրթական կենտրոնը պատրաստում էր և՛ գիտությամբ զբաղվող անհատներ, և՛ մանկավարժներ, որոնց գիտական աստիճաններ ու կոչումներ էին շնորհվում ավարտական հանդիսությունների ժամանակ: 1984թ. Հայաստանում նշվեց Գլաձորի համալսարանի 700-ամյակը: