Զբոսաշրջությունը Հայաստանում
Հայաստանը անդրկովկասյան փոքրիկ երկիր է՝ հինավուրց պատմությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և զմայլելի բուսական աշխարհով: Եթե դուք տուրիզմի սիրահար եք, ապա այս փոքրիկ հողատարածքի վրա կհանդիպեք շատ հետաքրքիր ու զարմանալի կոթողների:
Դրանցից են պատմամշակութային հինավուրց հուշարձանները, միջնադարյան ճարտարապետության նմուշները, մշակութային ու կրոնական զանազան կառույցները:
Կան նաև ժամանակակից դարաշրջանի կառույցներ: Հայաստան այցելած զբոսաշրջիկները տուրերի ընթացքում ծանոթանում են Հայաստանի բազմաթիվ այլ տեսարժան վայրերի հետ:
Հայաստանում հանգստանալու համար Ձեզ կառաջարկվեն բարձրակարգ հյուրանոցներ, հյուրատներ, քոթեջներ, մասնավոր տներ քաղաքներում կամ գյուղական վայրերում: Կարելի է ընտրել նաև առողջարաններ՝ հատկապես Ջերմուկում, որտեղ շատ են ջրաբուժական ժամանակակից առողջարանները:
Ջերմուկում Դուք կարող եք ոչ միայն լավ հանգստանալ, այլ ամրապնդել առողջությունը: Հանրապետության այլ շրջաններում նույնպես կան հանքային ջրի աղբյուրներ:
Հայաստանում զարգանում է սպորտային տուրիզմը, կազմակերպվում են միջազգային առաջնություններ, տարբեր միջոցառումներ:
Զբոսաշրջության և ակտիվ հանգստի սիրահարների համար այստեղ կա մեծ ընտրություն. կարելի է և՛ լեռներ մագլցել, և՛ գետում լողալ… Կարելի է նաև մասնակցել ձիարշավների, հետիոտն ու արշավների:
Ձմռանը կարելի է հիանալի ժամանակ անցկացնել Ծաղկաձորում: Սա հիանալի վայր է կվադրոցիկլ ու ձնեգնաց քշելու համար: Այստեղ սահում են նաև չմուշկներով, զբաղվում են լեռնադահուկային սպորտով՝ թե՛ սիրահարները, թե՛ պրոֆեսիոնալները:
Հայաստանի բնության, ռելիեֆային ու կենսաբանական բազամազանության մասին արժե հատուկ նշել: Դեռ պրոֆեսոր Ֆլորենսկին է նշել, որ այս երկրում հյուսիսից հարավ 600 կմ անցնելով կարելի է հանդիպել տարվա բոլոր եղանակներին: Դուք կտեսնեք վեհապանծ լեռներ ու բերքառատ հարթավայրեր, մերձալպյան ու տափաստանային մարգագետիններ: Հիացմունք են առաջացնում սաղարթախիտ անտառները (կաղնի, բոխի), յուրահատուկ բուսական (կարմրածառերի, սոսիների ու հաճարենու պուրակներ) ու կենդանական (խոզուկ, վարազ, մուֆլոն, քարայծ) աշխարհը: Այս ամենի շնորհիվ Հայաստանում առավել ճանաչված են դառնում էկոտուրիզմն ու ագրոտուրիզմը:
Հայկական խոհանոցը նույնպես անտարբեր չի թողնի ձեզ:
Ճամփորդությունների ժամանակ դուք կարող եք վայելել հիանալի ու նրբահամ ազգային կերակրատեսակները. Հյուրընկալ ու սիրալիր տանտերերը կառաջարկեն նաև համտեսել հայկական նրբահամ գինի ու կոնյակ:

